Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ, իսկ հայտարարությունները, թե Մոսկվան եւ ՀԱՊԿ-ն իբր չեն օգնել Հայաստանին տարածաշրջանում իրավիճակի սրման ժամանակ, սուտ են։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի «Между тем» հաղորդման եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ես մեղադրում եմ ստի մեջ բոլոր նրանց, ովքեր հավատում ու քարոզում են այդ գաղափարը։ Դա ճիշտ չէ, սուտ է։ Դա պաշտոնական Երեւանի որոշումն էր Արեւմուտքի հետ խորհրդակցություններից հետո։ Ես մեղադրում եմ ստի մեջ բոլոր նրանց, ովքեր քարոզում ու տարածում են Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի մեղքի գաղափարը այն որոշումների համար, որոնք ընդունել է Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ»,- ասել է Զախարովան։
Արեւմտյան երկրները, նրա խոսքով, առաջ են տարել Լեռնային Ղարաբաղից Հայաստանի պաշտոնական հրաժարման թեման։ Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները ոչ մի կերպ չեն ներգրվել կամ երաշխավորվել այն փաստաթղթերում, որոնք ստորագրվել են ՆԱՏՕ-ականների թելադրանքով։
Զախարովան նաեւ նշել է, որ նոր սրացումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կախված է միայն այն բանից, թե որքանով պաշտոնական Երեւանը թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին եւ Բրիտանիային ապակառուցողականորեն ազդել տարածաշրջանի եւ երկրի իրավիճակի վրա։