Եվրամիությունը առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին կտրամադրի 270 մլն եվրո դրամաշնորհ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում՝ ԵՄ-ԱՄՆ-Հայաստան ձևաչափով եռակողմ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Առաջիկա չորս տարում 270 միլիոն եվրո կտրամադրենք դրամաշնորհների տեսքով։ Անցած հոկտեմբերին խոստում էինք տվել, այն է ուս ուսի կանգել Հայաստանի հետ, միևնույն ժամանակ խոստացել էինք մեր համագործակցության համար տեսլական մշակել։ Այսօր հենց դա ենք քննարկելու: Մենք աջակցելու ենք, որպեսզի Հայաստանը լինի ավելի դիմակայուն: Մենք աջակցելու ենք փոքր բիզնեսին, փոքր և միջին ձեռնարկություններին, որպեսզի նրանց օգնենք զարգանալ, մտնել նոր շուկաներ: Մենք ներդրումներ ենք կատարելու ենթակառուցվածքների նախագծերում», - ասել է նա:
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանում ներդրումներ կանի հատկապես ենթակառուցվածքային նախագծերում՝ մասնավորապես Սեւ ծովի էլեկտրական մալուխի նախագծում, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի արտադրության մեջ։
Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ նշեց՝ ԵՄ-ն կուսումնասիրի նաեւ միջսահմանային տրանսպորտը, երբ պայմանները թույլ տան։
Եվրահանձնաժողովի նախագահը խոսեց աջակցության նոր փաթեթի՝ Հայաստանի համար Եվրոպայի տնտեսական եւ ներդրումային ծրագրի մասին։ «Այն արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ Սա հրաշալի նորություն է, եւ մենք կարող ենք ավելին անել։ Ահա թե ինչու վերջերս գործարկեցինք ներդրումների համակարգման հարթակը, որպեսզի կարողանանք բացահայտել նոր նախագծեր եւ արագացնենք իրականացումը», - ասաց Ֆոն դեր Լայենը։