G7-ի երկրներին վերազինման համար առաջիկա 10 տարիներին 10 տրլն դոլար անհրաժեշտ կլինի։ Այս մասին նշվել է Bloomberg գործակալության հրապարակման մեջ։
Գործակալության տվյալներով՝ դա կնշանակի ռազմական ծախսերի աճ մինչեւ սառը պատերազմի ժամանակների մակարդակը՝ ՀՆԱ 4 տոկոսի չափով։ Չնայած պաշտպանության համաշխարհային ծախսերը 2023թ. հասել են 2,2 տրլն դոլարի, եվրոպական որոշ երկրներ նոր են սկսել մտածել վերազինման մասին, գրել է Bloomberg-ը։
Հսկայական ծախսերը կուղեկցվեն «ոչ հեշտ որոշումներով»՝ կապված հարկերի, սոցիալական ապահովության եւ պետական փոխառությունների հետ։ «Դա, հավանաբար, կհանգեցնի պաշտպանական ընկերությունների, պետական ֆինանսների եւ ֆինանսական շուկաների փոխակերպման»,- նշել է գործակալության վերլուծաբան Ջենիֆեր Ուելչը։
Նրա տեղեկության համաձայն՝ Արեւմուտքի տնտեսական առումով ավելի թույլ երկրները ստիպված կլինեն «ցավոտ ընտրություն կատարել փոխառությունների ավելացման, բյուջեի այլ հոդվածների կրճատման եւ հարկերի բարձրացման միջեւ»։ Սակայն որոշակի դժվարություններ պետական ֆինանսների ոլորտում սպասվում է նաեւ Միացյալ Նահանգների տնտեսությանը։
Գործակալությունը նշել է, որ արեւմտյան երկրների պաշտպանական ծախսերն ավելացնելու ձգտումը նախ եւ առաջ կապված է ընթացիկ հակամարտությունների, ինչպես նաեւ Չինաստանի սպառնալիքի հետ։ Միեւնույն ժամանակ, գործակալությունը նշել է, որ սպառազինությունների ծախսերի աճ նկատվում է աշխարհի շատ երկրներում, այդ թվում ասիական։