Ողբերգություն է, երբ երկրիդ բարձրաստիճան պաշտոնյաները եւ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները փրփուրը բերանին փորձում են հիմնավորել, որ ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքները ադրբեջանական են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ԱԺ փակ նիստից հետո լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Սրանից բխեցնելով պետք է ասել, որ եթե տեղի ունենա ռազմական գործողություններ կամ Ադրբեջանի կողմից հարձակում, պետք է ֆիքսել, որ դրա հրահրողը եւ դա լեգիտիմացնողը այսօրվա իշխանությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Իրենք անընդհատ Ադրբեջանի շահերը սպասարկող հիմքեր անընդհատ փորձում են մեջտեղ բերել: Ադրբեջանի ԱԳՆ-ն կարող է ՔՊ-ական որոշ գործիչների գործի ընդունի»,-ասաց նա:
Սաղաթելյանը նշեց, որ ընդդիմությունը ներկայացրել է հայտարարության նախագիծ, որտեղ կա իրավիճակի գնահատում, կոչ միջազգային հանրությանը, հայ ժողովրդին եւ այլընտրանքային լուծումներ. «Իրենց տրամադրվածությունից ակնհայտ է, որ իրենք դեմ են լինելու մեր ներկայացրած հայտարարության նախագծին:
Մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ երկիրը գտնվում է մի ուժի ձեռքում, որոնք շարունակելու են զիջումները, և մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ, որ իրականում սահմանազատման և սահմանագծման աշխատանք չկա, իրականում Հայաստան-Ադրբեջան բանակցություններ չկան, կան Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող նոր կապիտուլյացիոն պահանջներ, որին այս իշխանությունը մտադիր է տեղի տալ։ Իշխանությունները իրենց պահվածքով լեգիտիմացնում են Ադրբեջանի առաջիկա ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ: Հայաստանը պատրաստ չէ դիմադրություն ցույց տալ, պատրաստ չէ լիարժեք սահմանազատման աշխատանքների եւ դա հիմնվորում են Ադրբեջանի կողմից պահանջներով»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Սաղաթելյանը նշեց, որ ընդդիմությունը ևս մեկ անգամ արձանագրել է, որ այդ տարածքները Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն և դրանք զիջելով՝ կառաջանան անվտանգային լրջագույն խնդիրներ։
Պատգամավորը միաժամանակ նշեց, որ փակ հանդիման ընթացքում Մհեր Գրիգորյանը հավաստիացրել է, որ Տավուշում կոնկրետ պայմանավորվածություն չկա սահմանագծման վերաբերյալ: