Ձեր այցից հետո եւ Կիրանցի, եւ Ոսկեպարի, գուցե նաեւ Բաղանիսի ու Բերքաբերի, մեղմ ասած, մինչեւ հիմա զարմացած են, թե ինչ էր եկել ասելու մեզ Նիկոլ Փաշինյանը. Հիմա ուզում եմ այս ամբիոնից եւս մեկ անգամ այդ մարդկանց ասեք, թե ինչ անեն, որ դուրս գան այն վիճակից, որով ապրում են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Դուք քիչ առաջ երեք անգամ ասացիք՝ չի երաշխավորում, չի երաշխավորվում, չի երաշխավորվում անվտանգությունը, բարեկեցությունը, զարգացումը, պատերազմի կանխումը։ Բնական հարց է առաջնում, բա եթե չի երաշխավորվում, ավելի լավ չի՞ կռիվը սկսեն 2 կմ-ից, քան 200 մետրից: Ի՞նչ է տալու սահմանազատումը, սահմանագծումը ՀՀ-ին և ՀՀ-ի 4 բնակավայրերին»,-հարցրեց Գեղամ Նազարյանը:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Նազարյանն իր ելույթի մեկ հատվածն է միայն հիշատակել և որ ինքը «չի երաշխավորում»-ին հաջորդաբար ասել է, թե ինչ պետք է անենք, որ երաշխավորվի։
«Այս չերաշխավորվելուց մինչ երաշխավորվելը ճանապարհ կա անցնելու։ Թե այս ճանապարհին ինչ կա անելու, այս ելույթս մի քիչ գուցե լայն իմաստով, բայց Ձեր բոլոր հարցերին պատասխանում էր: Այս չերաշխավորվելուց երաշխավորվելու արանքում ի՞նչ կա անելու՝ աշխատանք ու էդ աշխատանքը մենք պետք է անենք։ Ձեր ասած իրավիճակը նրանից է, որ մենք չենք լուծել մեր խնդիրը»,- ընդգծեց նա։
Փաշինյանը նշեց, որ պետք է արձանագրել՝ Կիրանցը և Ոսկեպարը սահմանին չեն, այլ շփման գծին են. «Այստեղ մենք տերմիններն էլ պետք է ճշգրտենք։ Շատ լուրջ եւ էական հարց է, թե Ադրբեջանն ինչքան է մոտ Կիրանցին, բայց կներեք սա 12-րդ դարը չէ, որ 50 մետրի հեռավորությունը բան որոշի, որովհետև նիզակը կարող է 50 մետր այս կողմ կամ այն կողմ ընկնի, կամ քարը պարսատիկով, որ նետես կարող է 50 մետր այս կողմ, այն կողմ ընկնի։ Այսօր ժամանակակից զենքերով տասնյակ կմ-երի վրա թիրախ խոցելու խնդիր չկա։
Այսօր էլ Տավուշում գյուղեր կան, որտեղ Ադրբեջանը մեր բնակավայրերից մեկտրերի վրա է: Երասխում տներ կան, որոնք մետրերի հեռավորության վրա է: Ոսկեպարում հատված կա, որ 100-200 կմ-ի մասին է խոսքը։ Ես չեմ ասում՝ 100 մետրի ու 50 մետրի միջև տարբերություն չկա, բայց այդ հեռավորությունն այսօր խնդիր չի լուծում, եթե լուծեր, կասեինք՝ ինչի՞ ենք մեր գլխին խնդիր ստեղծում, բայց չի լուծում այդ հեռավորությունը իմ ու ձեր պատկերացրած խնդիրը: Այդ պրոբլեմը լուծվում է սահմանով»,- հայտարարեց Փաշինյանը: