Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման» լուսանկարներ, նշելով, որ աշխատանքները կրկին վերսկսվել են և կատարվում են տանիքի և վնասված պատերի նորոգման աշխատանքները։ Սակայն լուսանկարներից երևում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը (նկ. 1 - 3): Այս մասին հայտարարել է Monumentwatch-ը։
«Ղազանչեցոց տաճարը յուրաքանչյուր ճակատի վրա կա նման խաչաձև լուսամուտ և պատկերաքանքակ (նկ. 4): Արևմտյան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման՝ համապատասխան արձանագրությամբ (նկ 5): Տաճարի մասին տես՝ Շուշիի սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։
44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբահարումից վնասվել էր եկեղեցու նաև հարավային ճակատը՝ խաչաձև լուսամուտով հանդերձ: Այն հստակ երևում է դեռևս 2020 թվականի հոկտեմբերին արված լուսանկարներից (նկ. 6, 7): Ուստի ակնհայտ են տաճարի մանրամասների ուղղակի ավերման, ձևափոխման աշխատանքները, ինչը դրսևորվում է տաճարի չակերտավոր վերականգնման հենց սկզբից:
Տաճարի անօրինական վերականգնման թեմայով ավելի մանրամասն տես՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անօրինական վերականգնումները, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի ադրբեջանական «վերականգնման» շուրջ»,- նշվում է հայտարարության մեջ։