Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Fasebook-ի իր էջում արձագանքել է «Իրատես de fakto» -ում քաղաքացի Մարի Բարսեղյան-Խանջյանի հոդվածին՝ մայրաքաղաքի 15-րդ թաղամասում օրենքով արգելված ժամերին կազմակերպվող հրավառությունների վերաբերյալ:

«Խնդիրն իսկապես մտահոգիչ է, և քաղաքացու մտահոգությունն ու ահազանգը՝ տեղին, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում: Միևնույն ժամանակ, իրավիճակը որոշակի պարզաբանումների կաևիք ունի: Միևնույն ժամանակ, իրավիճակը որոշակի պարզաբանումների կարիք ունի: Ընդունելով հարգելի հոդվածագրի դիտողությունները, մասնավորապես, օրենքի պահանջների խախտումով կազմակերպվող հրավառությունները կանխելու գործում առավել օպերատիվություն ցուցաբերելու անհրաժեշտության վերաբերյալ, համամիտ չենք, թե ոստիկանությունը «անտեսում է իր իսկ «Լռության մասին որոշումը» և հաճկատար է դառնում որոշ մարդկանց կամայականություններին…»,- գրել է Աշոտ Ահարոնյանը և հավելել, որ Ոստիկանությունը հրավառության կազմակերպման կանոնների մասին բազմիցս իրազեկել է հանրությանը և պահանջել դրանց անվերապահ պահպանում:

Այսպես. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիշերային ժամերին՝ 23.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք՝ 100.000 դրամի չափով:

Աշոտ Ահարոնյանի տեղեկացմամբ՝ ի կատարումն օրենքի պահանջի՝ բազմաթիվ օրինազանցներ ենթարկվել են վարչական պատասխանատվության ու տուգանվել, սակայն, ըստ նրա, այս հարցում պահանջվում է նաև հասարակության գործուն աջակցությունը: