«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունը հանկարծակիի էր բերել:
Նրա կարծիքով դրա համար պատճառ չկար, իսկ զեկույցում ներկայացրած պատճառը, ըստ նրա, քիչ է: «Այնքան պատճառներ են լինում, ոչ մեկին չեն կալանավորում: Իսկ Վոլոդյային 2000 դոլարի համար կալանավորեցին: Կարող էին, չէ առանձին հետը խոսել և գումարը հետ վերցնել: Նրա արածը նման է ձու գողանալուն: Եթե անգամ եղել է նման բան, կալանավորել պետք չէր: Անգամ չգիտեն էլ` այդ մարդը սոցիալական ինչ պայմաններում է ապրում»,- ասաց Եղիազարյանը:
Վերջինս նաև հայտնեց, որ երբ Ազատության հրապարակում Ավետիսյանը հայտնել է, որ պատրաստվում է դիմել վարչապետին և նախարարին, բոլոր ներկաներն ընդվզեցին` ասելով, որ նա իրավունք չունի նման որոշում կայացնել բոլորի փոխարեն: Նրա համոզմամբ` Վոլոդյան ավելի է ձեռք տալիս իշխանություններին, և նրան ձերբակալելու իմաստ ինքը չի տեսնում: Իսկ ազատամարտիկ Ռուբեն Հովհաննիսյանը կարծում է, որ իշխանությունները վախենում են ազատամարտիկների յուրաքանչյուր ընդվզումից:
Նրա համոզմամբ` Ավետիսյանն ընդունակ չի կաշառք վերցնել, նա այդ տեսակը չի: «Կոռուպցիայի դեմ պայքարում են կոռումպացվածները: Կարծում եմ` սա շինծու գործ է»,-ասաց Հովհաննիսյանը:
Լրագրողների այն հարցին` չեն կարծում արդյոք ազատամարտիկները, որ Ավետիսյանին ձերբակալելով` նպատակ են հետապնդել լռեցնել մյուսներին շարժումը թուլացնելու համար, Եղիազարյանը պատասխանեց, որ Վոլոդյան այն ֆիգուրը չէ, ում միջոցով պետք է մյուսներին լռեցնեն: «Ժողովրդի մեծ մասը գիտի, որ Սահմանադրական ճանապարհով մեր երկրում փոփոխություններ անել հնարավոր չի, հենց դրա համար էլ շատերը դիմում են արտագաղթի: Հայաստանն ուզում են լքել անգամ այն մարդիկ, ովքեր հնարավորությւոն ու դուխ ունեն: Իսկ իշխանությունները դիմում են այս քայլին` ելնելով “Не воруй…. Без меня” կարգախոսից»,-եզրափակեց Եղիազարյանը:


