Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է հայկական ապրանքարտադրողների ապրանքների ամենամյա «Ոսկե նուռ» հինգերորդ տոնավաճառի հանդիսավոր բացման արարողությանը: Ավանդական դարձած տոնավաճառի անցկացումն այս անգամ նվիրված էր ՀՀ անկախության 22-ամյակին:
Տոնավաճառի անցկացմանն աջակից Մոսկվայի կառավարության անունից Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի վարչության պետի տեղակալ Անդրեյ Չիժովը, ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին, մասնավորապես նշել է, որ «Ոսկե նուռ» տոնավաճառը Ռուսաստանի մայրաքաղաքում հայկական նմանատիպ միջոցառումների անցկացման ավանդույթի վերածնունդն է. «Այն Մոսկվայի և Երևանի միջև ոչ միայն առևտրատնտեսական հարաբերությունների, այլ նաև մեր ժողովուրդների մտերմացման, գործարար և մշակութային երկկողմ կապերի ամրապնդման զարգացմանն է ուղղված»,- նշել է Անդրեյ Չիժովը։
Տոնավաճառին մասնակցել են ավելի քան 100 հայաստանյան արտադրողներ, ընկերություններ, որոնք ներկայացրել են հայկական ավանդական սննդամթերք, ինչպես նաև գորգեր, ազգային-գեղագիտական ձեռագործ այլ աշխատանքներ և այլն։
«Ոսկե նուռ» հինգերորդ տոնավաճառի բացմանը ելույթ են ունեցել հայկական ազգագրական ժողգործիքների, երգ ու պարի Երևանից ժամանած և մոսկովյան համույթներ։
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում նաև հանդիպել է Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի վարչության պետ Սերգեյ Չերյոմինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված, մասնավորապես 2014-16թթ. Երևանի և Մոսկվայի համագործակցության ծրագրին առնչվող հարցեր, ինչպես նաև նոյեմբերի 29-30-ին Մոսկվայում անցկացվելիք Երևանի օրերի միջոցառումների կազմակերպչական հարցեր։
Սերգեյ Չերյոմինն իր հերթին նշել է, որ փոխշահավետ համագործակցության զարգացման համար առկա են բոլոր հնարավորությունները, հատկանշել է, որ Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում կստորագրվի 2014-16թթ. համագործակցության նոր ծրագիր։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն