ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումը։
«Գլխավոր քարտուղարը ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Նա ողջունում է համապատասխան պետական հանձնաժողովների միջև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ ապրիլի 19-ին ձեռք բերված համաձայնությունը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կողմերին խրախուսում է շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը, և լուծել երկկողմ առկա բոլոր խնդիրները՝ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու համար»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ ԱԳՆ-ն տարածեց հայտարարություն, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հանդիպման արդյունքում Հանձնաժողովները պայմանավորվել են, որ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: