Հայաստանում շատ ալերգիկ վերաբերմունք կա անկլավ/էքսկլավների թեմայի հետ կապված, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք անկլավ/էքսկլավի թեմայից չենք կարող հրաժարվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված արձանագրությանը:
«Հայաստանի 29 743 քկմ տարածքի մեջ մտնում է նաեւ Արծվաշենը, որը էքսկլավ է մեր տեսակետից եւ անկլավ է Ադրբեջանի տեսակետից: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցին անդրադառնալու ենք:
Մենք պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքկլավի Հայաստանի մաս լինելը: Երբ մենք դա կհիմնավորենք, մեն արդեն Արծվաշենի սահմանի սահմանազատում պետք է տեղի ունենա եւ գնանք առաջ, տեսնենք՝ ինչ լուծումներ կան»,-ասաց նա: