ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից տարածքում լարված իրավիճակ է։ Ոստիկաններն ու ԱԱԾ հատուկջոկատայինները թույլ չեն տալիս, որ քաղաքացիները մոտենան եկեղեցուն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սակրավորները սկսել են ականազերծել եկեղեցուն կից տարածքը։ Ոսկերպարի բնակիչներից մեկը մեզ հայտնել էր, որ տարածքն ականազերծվում է, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածության արդյունքում անցնելու է Ադրբեջանին։
Այս պահին ոստիկանները պատ են կազմել։ Քաղաքացիներից մեկը դիմեց Տավուշի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանին ու հարցրեց, թե ինչու են իրենց խանգարում. «Դու էլ ես հայ, ես էլ եմ հայ, տալի՞ս ես։ Դու իմ հարցին չես կարողանում պատասխանել, ասում ես` ծառայություն եմ իրականացնում»,–ասաց նա։
Երբ հոգևորականներից մեկը մոտեցավ ԱԱԾ հատուկջոկատայիններին, նրան էլ թույլ չտվեցին անցնել, բնակիչները սկսեցին ճեղքել ոստիկանների կազմած պատը։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ:
Հիշեցնենք, որ այս պահին Ոսկեպարում ժողովուրդը փորձում է թույլ չտալ ականազերծել եկեղեցուց քիչ հեռու գտնվող տարածքը։ Եկեղեցին 7-րդ դարի եկեղեցի է։ Սահամազատումից հետո այն անցելու է Ադրբեջանի տիրապետոիթյան ներքո։
Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ թե պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։