Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին մասնակցելուց հետո տուն վերադարձած ռուս զինվորականներն արդեն սպանել և խեղել են ավելի քան երկու հարյուր համաքաղաքացիների, բաց տվյալների հիման վրա հաշվարկել է Вёрстка հրատարակությունը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ պատերազմի սկզբից՝ վերադարձած զինվորները կատարել են առնվազն 84 հանցագործություն՝ մարդկային զոհերով, այդ թվում՝ դիտավորյալ սպանություն և ծանր մարմնական վնասվածքներ պատճառելը, որը հանգեցրել է մահվան։ Այս գործողությունների արդյունքում զոհվել է 107 ռուս, հարյուրից ավելին ծանր վիրավորվել է։
Խոսքը միայն իրավապահ մարմինների կողմից պաշտոնապես արձանագրված հանցագործությունների մասին է, որոնցում մեղադրվել է 176 զինծառայող, որոնցից 91-ը համաներում ստացած բանտարկյալներ են։
Նշվում է, որ հրապարակված 134 դատական վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը։
42 գործով դատարանը մեղմացուցիչ հանգամանք է համարել «տուժողների ապօրինի վարքագիծը», որը, ի թիվս այլ հարցերի, ներառել է «ռազմական գործողությունների քննադատությունը»։
Հինգշաբթի օրը Ուկրաինայի Խերսոնի շրջանի օկուպացված տարածքում ձերբակալվել են ռուս երկու զինծառայողներ՝ Ալեքսանդր Օսիպովը և Ալեքսանդր Կայգորոդցևը, ովքեր խոստովանել են Պոդո-Կալինովկա և Աբրիկոսովկա գյուղերում իրենց կատարած չորս մարդու սպանությունը։ Ըստ Коммерсант-ի՝ ձերբակալվածները ծառայել են 144-րդ մոտոհրաձգային բրիգադում, իսկ հանցագործությունը կարող էր կատարվել ալկոհոլային հարբածության պատճառով։ Հաղորդվում է նաև, որ Կայգորոդցևը նախկինում դատապարտվել է սպանության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։