Ամիսներ շարունակ Ադրբեջանը փորձում էր հետքայլ անել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և դրա հիմքով դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածությունից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, խորհրդարանում արտահերթ ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
«Ամիսներ անց՝ ապրիլին, տեղի ունեցավ պայմանավորվածություն, ստորագրվեց արձանագրություն, որով կողմերը վերահաստատեցին, որ դելիմիտացիայի հիմքը լինելու է Ալմա-Աթայի հռչակագիրը: Ի՞նչ է դա ենթադրում. որ վերարտադրվելու են այն ադմինիստրատիվ սահմանները, որոնք գոյություն են ունեցել հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների միջև Խորհրդային Միության փլուզման պահին, այսինքն՝ 1991 թվականի դրությամբ:
Հարց տանք՝ ինչո՞ւ էր Ադրբեջանը փորձում սրանից խուսափել, պատասխանը հետևյալն է, որովհետև Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի, կամ լինի լղոզված, և գործի ուժեղի իրավունքը: Այսինքն՝ հետևյալ տրամաբանությունը՝ ում զորքը որտեղ կարող է կանգնել, այնտեղ էլ իր սահմաններն են»,- ասաց նա:
Ռուբինյանը նաև նկատեց, որ տարօրինակ զուգադիիպությամբ ընդդիմադիր արքեպիսկոպոսներից մեկը վերջերս ուզում էր, որ որդեգրենք նույն տրմաբանությունը:
«Ինձ համար շատ տարօրինակ է եւ անհասկանալի, թե ինչո՞ւ է մեր խորհրդարանական ընդդիմությունը լծվել այս տրամաբանության լեգիտիմացմանը: Երբ ընդդիմությունը բերում է նախագիծ, որտեղ ասում է, որ պետք է սահմանազատման հիմք ընդունվի 1993 թվականի շփման գիծը, դա նշանակում է ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հիմքը ոչ թե պետք է լինի իրավաբանական հիմնավորում ունեցող փաստաթղթերը և քարտեզները, այլ շփման գիծը: Իսկ շփման գիծ ինքնին նշանակում է մի գիծ, որը ձևավորվել է ուժի արդյունքում՝ ով որտեղ կարողացել, կանգնել է: Այսինքն՝ դուք լեգիտիմացնում եք ուժի իրավունքը, և երբ կսկսի գործել ուժը, ձեր դաշնակիցները իրենց պարտվորությունները չեն կատարելու, ու լինելու է ի՞նչ, այն, ինչը բազմիցս եղել է»,- ասաց Ռուբինյանը:
Նա հորդորեց ընդդիմությանը չբարդացնել ամեն ինչ, չփորձել լեզվական միջոցներով իրենց արածի էությունը փոխել. «Այս ամեն ինչի մեխը հետևյալն է՝ Հայաստան-Ադրբեջան սահման կա, այն անհստակ չէ: Հիմա վերահաստատվել է սկզբունքն առ այն, որ այս սահմանը վերարտադրվելու է, այսինքն՝ դելիմիտացիա տեղի է ունենալու Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ընդգծեց ԱԺ նախագահի տեղակալը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության՝ սահմանագծմանը և սահմանազատմանը առնչվող նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը: