Անցյալ շաբաթ Դինա Տիտուսի գլխավորած կոնգրեսականների մի խումբ Ներկայացուցիչների պալատ ներկայացրեց օրինագիծ (HR8141), որը հնարավորություն կտա պատժելու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ մարդու իրավունքների ոտնահարման և ռազմական գործողությունների համար:
Այդ օրինագիծն օրեցօր ավելի մեծ աջակցություն է ստանում Կոնգրեսի անդամների շրջանում։ Առ այսօր համահեղինակների թիվը աճել է՝ 21-ից հասնելով է 27-ի։ Օրինագծին են միացել կոնգրեսականներ Դեն Գոլդմանը, Միշել Սթիլը և Մայք Քուիգլին:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ օրենքի վերջնական տարբերակը պարունակում է 44 ադրբեջանցի պաշտոնյաներից բաղկացած ցուցակ: Երեք նոր պաշտոնյաների՝ Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևի, Ադրբեջանի գլխավոր դատախազությանն առընթեր քննչական վարչության պետ Նեյմաթ Ավազովի և Բաքվի Նասիմին շրջանի դատարանի դատավոր Թագիև Ազերի անունները հայտնվել են Կոնգրեսին ներկայացված տարբերակում:
Նախորդ շաբաթ Կոնգրեսում օրինագիծը ներկայացվելուց հետո այն փոխանցվել է Արտաքին հարաբերությունների և դատական հանձնաժողովներին։ Հետագա գործողություն դեռ չի ձեռնարկվել։ Օրինագծի ընդունման դեպքում Կոնգրեսը Բայդենի վարչակազմից կպահանջի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ՝ Մագնիտսկու ակտի համաձայն՝ Ադրբեջանում քաղաքական ընդդիմության դաժան ճնշումների և 2023 թվականին Արցախի դեմ ագրեսիայի համար: