Արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի և Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում մեկնարկել է դատավորների գնահատման նոր համակարգի ներկայացմանը նվիրված եռօրյա քննարկումների շարքը:
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել և ընդգծել է, որ 2018 թ. ի վեր ՀՀ կառավարության օրակարգի առաջնահերթություններից են հանդիսանում դատաիրավական ոլորտի բարեփոխումները։
Փոխնախարարը նշել է, որ այս բարեփոխումների առանցքային նպատակներից է դատական համակարգի շարունակական կատարելագործումը միջազգային լավագույն չափանիշների համապատասխան՝ ուղենիշ ունենալով դատարանների անկախության, արդյունավետության և վստահության առավել բարձր մակարդակի ապահովումը։
Նախարարի տեղակալի խոսքով այս նպատակների իրագործմանն են ուղղված դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները, որոնք միտված են դատավորների գնահատման ողջ համակարգի բարեփոխմանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ դատավորների գնահատման գործընթացի անկախությունը, օբյեկտիվությունը և արդյունավետությունը կարևորվում են նաև Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի կարծիքներում և այլ միջազգային կառույցների խորհրդատվական փաստաթղթերում և ուղեցույցներում։
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի աաջարկվող փոփոխությունները միտված են ստեղծելու դատավորների գնահատում իրականացնող անկախ մարմին՝ գնահատման օբյեկտիվությունն ապահովելու համար։
Միաժամանակ, բարեփոխվելու են դատավորների գնահատման չափանիշների և ցուցիչների համակարգերը՝ ներառելով առավել օբյեկտիվ, քանակական և որակական տարրերը բալանսավորող չափանիշներ և ցուցիչներ։ Առանցքային բարեփոխումներից է այն, որ դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովում կերաշխավորվի բոլոր մասնագիտացման դատավոր անդամների ներկայացուցչության ապահովման սկզբունքը:
Կարեն Կարապետյանը կարևոր է համարել նմանատիպ միջոցառումներին դատական ամբողջ համայնքի ակտիվ ներգրավվածությունը` նրանց արժեքավոր դիտարկումները և հնարավոր մտահոգությունները լսելու և քննարկելու համար:
Քննարկմանը բացման խոսքով են հանդես եկել նաև Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը, քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, դատաիրավական համակարգի այլ ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում դատավորների գործունեության գնահատման բարեփոխումների աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են դատավորների գործունեութան գնահատման առաջարկվող մեթոդաբանությունը և այդ համակարգի արդյունավետությունը, ինչպես նաև առաջարկվող համակարգով դատավորների փորձնական գնահատման արդյունքները:
Միաժամանակ, դատական բարեփոխումների միջազգային փորձագետ Գեորգ Ստավան ներկայացրել է դատավորների գնահատման առկա համակարգի խնդիրները, միջազգային չափանիշները և լավագույն փորձը: Նախաձեռնված քննարկումները շարունակվելու են նաև մայիսի 10-ին և 13-ին՝ ապահովելով վարչական, սնանկության, քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորների ակտիվ ներգրավվածությունը գործընթացին: