«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում չեն թաքցնում սառը վերաբերմունքը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նկատմամբ, ում պաշտոնավարումը, ըստ լուրերի, մազից է կախված, եւ, ըստ այդ լուրերի, Նիկոլ Փաշինյանը մի հարմար պահի մտադիր է հեռացնել նրան: Երեկ խորհրդարանում բյուջեի անցած տարվա կատարողականը ներկայացնելու եկած նախարար Անահիտ Ավանեսյանի հաշվետվությունը լսելու էին եկել մեկ ձեռքի վրա հաշված ՔՊ-ականներ:
Փոխարենը իրենց սրտի ՄԻՊ Անահիտ Մանասյանին հատուկ հանդիսավորությամբ մեկ տասնյակից ավելի ՔՊ-ականներ ուղեկցեցին դահլիճ, եւ քննարկումն էլ անցավ լեփ-լեցուն դահլիճում։ Թեեւ չի բացառվում, որ այդ ներկայացումը հատուկ վերեւներից էր կազմակերպվել` «սրբազան շարժման» քննադատության եւ ոստիկանների իրավունքների պաշտպանության նպատակով:
Ի դեպ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս տարի էլ կրկնօրինակեց Տարոն Մարգարյանին, ով քաղաքապետ եղած ժամանակ երբեք չէր ներկայանում բյուջետային քննարկումներին: Անցյալում Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ հանդիսավոր ելույթ էր ունենում այն մասին, որ դա անհարգալից վերաբերմունք է թիվ մեկ քաղաքական մարմնի նկատմամբ, եւ Մարգարյանին հորդորում էր՝ հավատարիմ մնալ կանոնակարգին եւ ներկայանալ խորհրդարան։
Տիգրան Ավինյանն իր փոխարեն տեղակալ Լեւոն Հովհաննիսյանին էր խորհրդարան ուղարկել։ Հիշեցնենք, որ երեկ էլ ՆԳ նախարարն էր իր տեղակալ Արփինե Սարգսյանին ուղարկել խորհրդարան: Ի դեպ, նախարարի տեղակալ տիկինը բոլոր հնարավոր վայրերում ծաղրում է իր ղեկավարին, թե երկու բառ չի կարողանում ասել, որտեղ խոսելու տեղ կա, ինձ է ուղարկում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում