25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի նորամուտի ժամկետը Մադրիդի «Ռեալում» կախված կլինի Եվրո-2024-ում Ֆրանսիայի հավաքականի հաջողություններից, հաղորդում է Marca-ն։

Եթե Դիդիե Դեշամի գլխավորած թիմը հասնի Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ, Մբապեն չի մեկնի «Ռեալի» հետ ԱՄՆ մրցաշրջագայության։ Այդ դեպքում Մբապեի նորամուտն իսպանական ակումբում տեղի կունենա օգոստոսի 14-ին Եվրոպայի Սուպերգավաթի խաղում Եվրոպայի լիգայի գավաթակիր «Ատալանտայի» դեմ։

Մբապեն ազատ գործակալի կարագավիճակում հեռացել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից եւ հինգ տարվա պայմանագիր կկնքի Արքայական ակումբի հետ, որն այդ մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ հունիսի 3-ին։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 48 հանդիպման, խփել է 44 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։