Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում Սյունիքի Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում կայացրեց՝ միջազգային չափանիշներին բավարարող մարզահամալիր, այդ թվում ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման նախագծով հանրության գերակա շահ ճանաչվող գույքը՝ Կապանի մարզադաշտում առկա գույքը սեփականության իրավունքով պատկանում է «Գանձասար մարզական կենտրոն» ՍՊ ընկերությանը, իսկ զբաղեցրած 1.9292 հեկտար հողամասը՝ սեփականության իրավունքով Կապան համայնքին:

Մարզադաշտի առկա ենթակառուցվածքները (հանդիսասրահ, հանդերձարաններ, սանհանգույցներ և այլն) ունեն կապիտալ վերանորոգման կարիք, ինչի արդյունքում ըստ էության հնարավոր չէ մարզադաշտում իրականացնել միջազգային չափորոշիչներին բավարարող ինչպես տարաբնույթ սպորտային, այնպես էլ բացոթյա մշակութային միջոցառումներ:

ՀՀ կողմից ձեռք բերելուց հետո նախատեսվում է համապատասխան միջոցներ ներգրավելով, կառուցել միջազգային չափանիշներին բավարարող մարզահամալիր ինչը բնականաբար կունենա ինչպես մարզական, այնպես էլ սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի և ամբողջ հանրապետության համար: Այն կունենա նաև բնապահպանական, առողջության, մշակույթի զարգացման նշանակություն:


Նախագծի ընդունման արդյունքում, Կապանի մարզադաշտն իր ենթակառուցվածքներով, համարժեք շուկայական արժեքով փոխհատուցում տրամադրելով, կճանաչվի հանրության գերակա շահ և ձեռք կբերվի Հայաստանի Հանրապետության կողմից:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պատմությունը սկսվել է 2018 թվականից. «Երբ ես 2018-ին այցելեցի Կապան, կապնցիները խնդրում էին, որ ամեն ինչ անենք, որ ֆուտբոլը վերադառնա Կապան: Խնդիրն այն էր, որ Կապանի ֆուտբոլի մարզդաշտի եւ օժանդակ կառույցների տարբեր իրավական կարգավիճակների, տարբեր սեփականատերերի, նրանց միջեւ եղած հակասությունների, այդ թվում ֆուտբոլային ակումբի հետ եղած հակասությունների պատճառով այնպես էր ստացվել, որ երկար տարիներ ֆուտբոլային հանդիպումները Կապանում ընդհատվել էին:

Ես խոստացա, որ դա տեղի կունենա: Ի վերջո, հնարավորություն ստեղծվեց, որ ֆուտբոլային խաղերը վերականգնվեն: Այս ընթացքում Կապանում երկու ֆուտբոլային թիմ ձեւավորվեց՝ «Գանձասար» եւ «Սյունիք»:

Ընդ որում, «Գանձասարը» առաջին խմբի առաջնությունում գրավեց առաջին տեղը եւ հիմա պետք է հանդես գա բարձրագույն խմբի առաջնությունում: Սա մեզ կանգնեցրեց նոր խնդրի առաջ, որովհետեւ Կապանի մարզադաշտը չի համապատասխանում բարձրագույն խմբի բուտբոլային խաղերի անցկացման չափանիշներին:


Ի վերջո, մենք եկանք եզրակացության, որ լավագույն լուծումն այն է, որ բոլոր այդ հակասող հատվածները հանրային գերակա շահ ճանաչելով դարձնենք պետական սեփականություն եւ մտածենք դրա հետագա կառավարման մասին»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, պետք է նվազագույն ներդրումներ անել, որ հնարավոր լինի այնտեղ բարձրագույն խմբի առաջնության խաղեր անցկացնել: