Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար Խոսրով Հարությունյանին ուղղված այն հարցին, թե ինչ է նա մտածում Մաքսային միությանը միանալու հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու մասին, Հարությունյանը պատասխանեց, որ հանրաքվե անցկացնելու կարիք չկա:

«Պետք է գնալ ոչ թե էմոցիաների, այլ քաղաքական մոտեցումների հետևից: Պարզապես այսօր լուրջ քաղաքական գործիչները պետք է գործի անցնեն: Ես իհարկե ողջունում եմ «Ժառանգություն» կուսակցության քննադատական վերաբերմունքը Մաքսային միության նկատմամբ: Իսկ թե ուր է այսօր ընդդիմությունը, այդ հարցն ինձ չէ, որ պետք է տաք»,- ասաց Հարությունյանը:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես է պատգամավորը վերաբերվում այն հանգամանքին, որ Խորհրդարանը չի մասնակցել Մաքսային միությանը միանալու որոշման քննարկմանը, Հարությունյանը պատասխանեց, որ Խորհրդարանը չի շրջանցել որոշման կայացումը:

«Ինչու՞ մի անգամ չեք հարցնում, թե ինչու Խորհրդարանը չմասնակցեց Ասոցացման հետ կապված հարցին: Խորհրդարանը դեռևս սահմանադրորեն իրավունք ունի քաղաքական որոշումներ կայացնել: Այլ հարց է, թե հետևանքների դեպքում ինչ մոտեցումներ կդրսևորի նախագահը: Սակայն վերջին պահին նա իր կոալիցիոն գործընկերների հետ այս հարցը քննարկել է»,- ավելացրեց Խոսրով Հարությունյանը: