Երեկ գիշեր Դեբեդի վարարման հետևանքով Քարկոփում ոչ միայն նոր տեղադրված ժամանակավոր հետիոտնային կամուրջն է փլուզվել, այլև ջրամատակարարումն է անջատվել: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին,  հայտնեց Քարկոփի վարչական ղեկավար Հերմինե Պետրոսյանը՝ հավելելով, որ այս պահին աշխատանքներ են իրականացվում ջրամատակարարումը վերականգնելու համար:

«Քարկոփի բնակիչները գյուղից դուրս գալու համար ստիպված են օգտվել Ախթալայի կամրջից, որը բավական հեռու է Քարկոփից: Ես ինքս դրսում էի, ստիպված եմ եղել Ախթալայով վերադառնալ: Ճանապարհը այսպես է՝ Շնող, Ախթալա, Մեծ Այրում, Ճոճկան, ապա նոր Քարկոփ»,-նշեց Հերմինե Պետրոսյանը:

Հարցին, թե ի՞նչ աշխատանքներ են իրականացվելու հետիոտնային կամուրջը վերականգնելու համար, համայնքի ղեկավարը պատասխանեց, որ այդ մասին դեռևս տեղեկություն չունի:


Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը վարարած Դեբեդ գետը քշել, տարել է Լոռու մարզի Քարկոփ համայնքում վերջերս տեղադրված ժամանակավոր հետիոտնային կամուրջը, որը գյուղը կապում էր Մ-6 միջպետական ճանապարհին: