Ոստիկանությունը երեկ հատուկ միջոցներ է կիրառել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ցուցարարների ուղղությամբ: Դրանց թվում եղել է ռուսական արտադրության «Զարյա 3» ձեռքի (նետվում է ձեռքով) լուսաձայնային նռնակ, որը ֆիքսել են «Ֆոտոլուրի» մեր գործընկերները, գրում է «Հետքը»:


«Ռոսօբորոնէքսպորտ» պետական ընկերությունը, որը ռազմական եւ երկակի նշանակության ապրանքների, տեխնոլոգիաների ու ծառայությունների արտահանման եւ ներկրման միակ պետական միջնորդն է Ռուսաստանում, իր պաշտոնական կայքում հայտնում է, որ «Զարյա 3» լուսաձայնային նռնակն ապահովում է զինված հանցագործի հոգեկամային կայունության ժամանակավոր ճնշումը ձայնային եւ լուսային ազդեցության միջոցով, ինչը նվազեցնում է հանցագործի մարտական ունակությունը եւ հնարավորություն տալիս նռնակը կիրառող անձնակազմի եւ շրջապատի մարդկանց համար նվազագույն ռիսկով իրականացնել հատուկ գործողություն:


Նույն տեղեկությունը փոխանցում է նռնակն արտադրողը՝ «Կիրառական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային գիտաարտադրական կենտրոնը (Ռուսաստան):

Ըստ ռուսական արտադրողի եւ արտահանողի՝ 180 գրամ քաշով այս նռնակի ձայնային ճնշման մակարդակը 10 մետրի վրա 160±15 դեցիբել է: Նկատենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, 85 դեցիբելը մարդու համար աղմուկի առավելագույն թույլատրելի մակարդակն է: 120-140 դեցիբելը մարդու համար ցավի շեմն է, իսկ 140 դեցիբելից բարձր ձայնային ճնշումը կարող է պայթեցնել ականջի թմբկաթաղանթը կամ առաջացնել բարոտրավմա, նույնիսկ՝ ուշագնացություն:


Վերոնշյալ ռուսական ձեռնարկությունների տվյալներով՝ «Զարյա 3» նռնակի լույսի ուժի առավելագույն չափը գերազանցում է 40х10*6 կանդելան (համեմատության համար՝ ընդունված է, որ մեկ հատ մոմի լույսի ուժը հավասար է 1 կանդելայի):

«Զարյա 3»-ի օղակը քաշելուց հետո պայթյունը տեղի է ունենում 4±1 վրկ անց: