Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում ընդունեց «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված կամ ՀՀ քաղաքացիություն ստացած (ունեցող) անձանց տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման գործողությունների կատարման բացառություններ սահմանելու մասին» նախագիծը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ տրանսպորտային միջոցի պետական գրանցման և պետական հաշվառման գործողություններ կատարելու համար նախատեսված է փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պահանջ, ինչը սոցիալական, ինչպես նաև տեխնիկական բարդությունների հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար խնդրհարույց է։
Որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի իրացման մասով ապահովել դրա իրականացման հնարավորությունը՝ նախատեսելով բացառություններ տրանսպորտային միջոցի պետական գրանցման և (կամ) հաշվառման գործողության ժամանակ՝
1) փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունն ամբողջությամբ կատարելու մասին տեղեկանք ներկայացնելու և
2) հաշվառվող տրանսպորտային միջոցի հաշվառման համարնիշերը չփոխարինելու մասով։
Վերը նշվածի արդյունքում նախագծով նախատեսված կարգավորումները միաժամանակ կնպաստեն բռնի տեղահանվածների՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի իրացմամբ պայմանավորված սոցիալական բեռի նվազեցմանը։