«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ թիմի ներսում առկա վերաբերմունքին բազմիցս ենք անդրադարձել՝ նշելով, որ Թորոսյանին, մեղմ ասած, յուրային չեն ընդունում, ու նա մնացել է մենակ իր պատգամավորական աթոռով եւ covid 19-ի ծախսերի մասով հարուցված քրեական գործերով: Մեր աղբյուրները հայտնում են, որ Թորոսյանը, օգտագործելով ՔՊ վարչության կազմում իր ներկայությունը, նորից սկսել է փորձեր անել՝ վերադառնալու իր նախորդ պաշտոնին` վարչապետի աշխատակազմի ղեկավարին: Ըստ ամենայնի՝ նա չի հարմարվում ներկայիս կարգավիճակին եւ ցանկանում է նորից գալ առաջին պլան:

ՔՊ ներսից մեզ փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն իր մերձավոր շրջապատին հասկացնել է տվել, որ չի ների նրանց, ովքեր Թորոսյանի հետ ջերմ հարաբերություններ են պահում ու փորձում են նրա լոբբինգն անել: Կարճ ասած՝ Փաշինյանի մոտ բարեխոսելու ու Արսեն Թորոսյանին նորից առաջ բերելու բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում, եւ նախաձեռնություններին ընթացք չի տրվում ոչ ուղիղ հրահանգավորմամբ:


Ի դեպ, կառավարության որոշ շրջանակներ կարծում են, որ Արայիկ Հարությունյանի շուրջ բարձրացած նախկին աղմուկների հետեւում կարող է լինել հենց Արսեն Թորոսյանը: Մեզ փոխանցում են, որ ուժային կառույցներում կան թղթապանակներ՝ Թորոսյանի կողմից տարբեր տեղերում աշխատանքի տեղավորած անձանց վերաբերյալ եւս, ու դրանք հարմար պահի կօգտագործվեն:

Արսեն Թորոսյանի գործադիր վերադառնալու նկրտումների մասին, իհարկե, փորձեցինք զրուցել հենց Արսեն Թորոսյանի հետ, սակայն նա, ինչպես միշտ, հեռախոսազանգերին չպատասխանեց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։