«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր ԱԺ-ում փակ հանդիպում կունենա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների հետ:


Ավելի վաղ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ այսօր մեկնարկելիք ԱԺ արտահերթ նիստերի օրակարգում ընդգրկված է նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

Թեկնածուները երկուսն են՝ Վաղարշ Աղաբեկյանը եւ Նարինե Ավետիսյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարչության նախկին պետ Նարինե Ավետիսյանն արդեն երկրորդ անգամ է իր բախտը փորձում այս պաշտոնի համար. դեռ նախորդ տարի դեկտեմբերին նա կրկին առաջադրել էր իր թեկնածությունը՝ հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ:

ՔՊ-ն, սակայն, տապալեց ԿԿՀ անդամի ընտրությունը՝ չմասնակցելով քվեարկությանը:

Մյուս թեկնածուն էլ Վաղարշ Աղաբեկյանն է, վերջինս արցախցի իրավաբան է, այժմ ՔԿ-ում է աշխատում, իսկ նախկինում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի փորձագետներից է եղել, աշխատել է նաեւ Արցախի դատախազությունում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ խմբակցությունն այսօր՝ մինչեւ ԿԿՀ անդամի ընտրության քվեարկությունը, երկու անդամներին փակ հանդիպման է կանչել:

Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում՝ ՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել ԿԿՀ անդամի թեկնածուների շուրջ, դեռ վերջնական որոշում չունեն՝ ում են ընտրելու:

Իշխանականները սպասում են այսօր սպասվող փակ հանդիպմանը, որպեսզի թեկնածուներին մի լավ հարցաքննելուց հետո՝ որոշում կայացնեն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։