«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական իշխանությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի փնտրտուքի մեջ է եւ իր սրտով թեկնածուի չի կարողանում ընտրել. ու թեեւ խորհրդարանը արձակուրդում է, այնուամենայնիվ, փնտրտուքները շարունակվում են։ Իսկ մինչ այդ ողջ ամառ ԲԴԽ-ն կաշխատի ոչ լիարժեք կազմով, քանի խորհրդարանը արձակուրդի մեջ է ու հանգստից կվերադառնա միայն սեպտեմբերին: Մինչ այդ՝ աթոռը թափուր է: Հիշեցնենք, որ Վիգեն Քոչարյանի՝ ԲԴԽ-ում լիազորություններն ավարտվել են բոլորովին վերջերս՝ հունիսի 25-ին՝ պաշտոնավարման հինգ տարին լրանալու հիմքով։ Եվ անցնող 5 տարիներին, քանի որ Վիգեն Քոչարյանը ԲԴԽ-ում պաշտոնավարել է քաղաքական իշխանությանը չհակադրվելու, այլ ծառայություն մատուցելու սկզբունքներով, հիմա առավել մեծ հավակնություններ ունի։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲԴԽ նախկին անդամ Վիգեն Քոչարյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու է դարձել։ ԲԴԽ-ն հուլիսի 10-ին դռնփակ նիստում որոշում է կայացրել՝ «Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա անձանց ցուցակը կազմելու, հաստատելու եւ ԱԺ-ին առաջարկություն ներկայացնելու մասին» որոշումը: Եվ ահա, այդ որոշման համաձայն, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ցուցակում են հայտնվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանը, նոտար Ատոմ Հայրապետյանը եւ ԲԴԽ նախկին անդամ, ԵՊՀ դասախոս Վիգեն Քոչարյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։