ՄԱԿ Անվտանգության խորհուրդը ուրբաթ միաձայն հավանություն է տվել ավելի թափանցիկ ընթացակարգերին պատժամիջոցների տակ հայտնված հարյուրավոր անձանց, ընկերությունների եւ այլ կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են դուրս գալ սեւ ցուցակներից, տեղեկացրել է АР-ը։


Բանաձեւը, որի համահեղինակներն են Մալթան եւ ԱՄՆ-ը, նաեւ արտոնում է ստեղծել Անվտանգության խորհրդի նոր ոչ պաշտոնական աշխատանքային խմբեր՝ ուսումնասիրելու համար ՄԱԿ պատժամիջոցների արդյունավետության բարձրացման ուղիները։

ՄԱԿ-ում Մալթայի դեսպան Վանեսա Ֆրեյզերը քվեարկությունից առաջ հայտնել է, որ բանաձեւը «հստակ ազդանշան է այն մասին, որ խորհուրդը հավատարիմ է այդ գործընթացին»։

Նրա խոսքով՝ այն լիազորում է նոր «համակարգող կենտրոնին» ուղիղ փոխգործակցել նրանց հետ, ովքեր ցանկանում են դուրս գալ պատժացուցակներից։ Անհրաժեշտ է տեղեկություն հավաքել տարբեր աղբյուրներից Անվտանգության խորհրդի կոմիտեին հանձնելու համար։

Քվեարկությունից հետո ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը նշել է խորհրդի միաձայն հավանության մասին. նա ասել է, որ ցուցակներից հանվելու ընթացակարգը չի փոխվել արդեն 18 տարի։

«Միջազգային հանրությունը ցուցադրում է իր հավատարմությունն այնպիսի արժեքների, ինչպիսին են թափանցիկությունը եւ արդարությունը ՄԱԿ պատժամիջոցային գործընթացներում»,- ասել է նա։

«ԱԽ պատժամիջոցները զսպման մեխանիզմներ են խաղաղության եւ անվտանգության սպառնալիքների դեմ՝ զենքի եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածումից մինչեւ ահաբեկչության դեմ պայքար եւ մարդու իրավունքների խախտումների կանխարգելում»,- ասել է Վուդը։

Նա ընդգծել է, որ պատժամիջոցները պետք է լինեն նպատակաուղղված, ինչպես նաեւ պետք է գոյություն ունենան «ցուցակներից հանվելու հուսալի եւ արդար ընթացակարգեր»։

ԱՄՆ-ը դեմ է անժամկետ պատժամիջոցներին եւ աջակցում է պատժամիջոցների թուլացմանը, երբ դա արդարացված է, ասել է Վուդը։ «Բայց մեզ անհանգստացնում է պատժամիջոցների ժամանակից շուտ չեղարկման միտումը, երբ սպառնալիքները դեռ շարունակվում են»,- նշել է նա։