Հուլիսի 25-ին Երեւան - Փարիզ ուղիղ չվերթով օլիմպիական Փարիզ մեկնեցին ծանրորդներ Վարազդատ Լալայանը, Գարիկ Կարապետյանը, Անդրանիկ Կարապետյանը եւ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը։
Օլիմպիականներին մրցավայր ուղեկցեցին ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Դավիթ Չալոյանի անձնական մարզիչ Կարեն Ղազարյանը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն արդեն օլիմպիական մայրաքաղաքում է։
Ծանրորդները Փարիզում պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 9-ից։
Առաջինը մրցահարթակ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) Երեւանի ժամանակով 17:00-ին։
Գարիկ Կարապետյանը (102 կգ) Փարիզի մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 10-ին Երեւանի ժամանակով 13:30-ին:
Վարազդատ Լալայանը կմեկնարկի նույն օրը Երեւանի ժամանակով 22:30-ին։
Ծանրորդները Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրին արժանացել են վարկանիշային մրցաշարերի արդյունքներով եւ միավորներով:
Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը պայքարը կսկսի հուլիսի 29-ին Երեւանի ժամանակով 18:50-ին 1/8 եզրափակիչից։
Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է Բանգկոկում անցկացված վերջին վարկանիշային մրցաշարում:
Փարիզ-2024-ում Դավիթ Չալոյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է բռցքամարտի օլիմպիական մրցաշարում։
Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Չալոյանը կլինի Հայաստանի հավաքականի դրոշակակիրը։