ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ աշխարհը կանգնած է միջուկային զենքի կիրառման և որպես ճնշման գործիք օգտագործելու սպառնալիքների հետ։ Այդ մասին նա հայտարարել է Նագասակի քաղաքի ամերիկյան ատոմային ռմբակոծության 79-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձում, որը հիշատակի արարողության ժամանակ ընթերցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ Իզումի Նակամիցուն։
«Միջուկային զենքը որպես ճնշման գործիք օգտագործելու սպառնալիքը կրկին ցույց տվեց իր դեմքը»,- ասել է Գուտերեշը։ Նա կարծիք հայտնեց, որ աշխարհում պառակտումը խորանում է, նկատվում է նաեւ պետությունների միջեւ վստահության մակարդակի նվազում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կրկին հանդես եկավ միջուկային զենքից լիակատար հրաժարման օգտին։
Մինչդեռ Գուտերեշը, ինչպես նախորդ բոլոր տարիներին, իր ուղերձում չի նշել ԱՄՆ-ը որպես 1945 թվականին ճապոնական քաղաքների ատոմային ռմբակոծություն իրականացրած երկիր։
Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծություններն իրականացվել են Միացյալ Նահանգների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի հենց վերջում՝ պաշտոնապես հայտարարված նպատակով՝ արագացնել Ճապոնիայի հանձնումը։ Սրանք միջուկային զենքի մարտական կիրառման միակ օրինակներն են մարդկության պատմության մեջ։ Միացյալ Նահանգները դեռևս չի ընդունում իր բարոյական պատասխանատվությունը՝ նման գործողությունները հիմնավորելով որպես «ռազմական անհրաժեշտություն»։