ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը պատմել է Իսրայելի կողմից Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանն Իրանի պատասխանի մասին, տեղեկացրել է Mehr-ը։
«Իրանի պատասխանը պետք է ունենա երկու ակնհայտ արդյունք։ Նախ՝ այն պետք է պատժի ագրեսորին ահաբեկչության եւ Իրանի ազգային ինքնիշխանության խախտման համար։ Երկրորդ՝ դա պետք է ուժեղացնի Իրանի զսպիչ հզորությունը եւ ռեժիմի (Իսրայելի) զղջումն առաջացնի, որպեսզի կանխի ցանկացած ապագա ագրեսիա։ Իրանի արձագանքը նաեւ պետք է խուսափի հնարավոր բացասական ազդեցությունից (Գազայում) հնարավոր հրադադարի վրա»,- ԶԼՄ-ն մեջբերել է նրա խոսքերը։
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունն ավելացրել է, որ Իրանը կպատասխանի Իսրայելին այն ժամանակ եւ այն ձեւով, որին չեն սպասում։
«Գուցե, երբ նրանք նայեն երկինք եւ ռադարի էկրանին, նրանց հանկարծակիի բերի այն, թե ինչ է տեղի ունենում երկրի վրա, իսկ գուցե, թե՛ մեկը, թե՛ մյուսը միասին»,- նշել են ներկայացուցչությունում։
ԻՀՊԿ հրապարակած հայտարարության համաձայն՝ Իսմայիլ Հանիեն եւ նրա թիկնապահներից մեկը զոհվել են հուլիսի 31-ին Թեհրանում, նրանց նստավայրի դեմ գրոհի ժամանակ։ Հայտարարությունում նշված է, որ Հանիեի սպանությունը «պլանավորված էր եւ իրականացվել է սիոնիստական վարչակարգի կողմից, Ամերիկայի հանցավոր կառավարության աջակցությամբ»։