ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 17-ին մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Արշակյանը կարևորել է նման մասշտաբային միջոցառման անցկացումն ու նախ խոսել արդի մարտահրավերների և հնարավորությունների մասին:
«Անհրաժեշտ է արձանագրել, որ տարեցտարի աշխարհն ավելի փոխկապակցված է դառնում: Ավիացիան, տրանսպորտը, ինտերնետը, տեխնոլոգիաները մեզ միմյանց այնքան են մոտեցրել, որ շատ հաճախ դժվարանում ենք նույնիսկ մտաբերել՝ այս կամ այն ընկերը կամ գործընկերը արդյո՞ք ապրում է Հայաստանում, թե՝ արտերկրում: Մեր շատ հայրենակիցներ զուգահեռաբար աշխատում են, արարում, կրթում, բուժում, բիզնեսով են զբաղվում, կառուցում ու նորոգում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Եվ այս շարժումը Հայաստան է բերում նոր գիտելիք, նոր հնարավորություններ, նոր ներդրումներ, նոր մարդիկ, նոր տեխնոլոգիաներ, հմտություններ, նոր միջոցներ ու ապրանքներ, Հայաստանը դարձնում է ավելի զարգացած ու աշխարհին կապակցված ու համահունչ, որոշ դեպքերում՝ նաև առաջանցիկ: Արտերկրից ժամանած մեր սիրելի հայրենակիցներին ցանկանում եմ ասել, որ ձեր ոչ մի քայլ, ոչ մի ներդրում, փոխանցված ոչ մի գիտելիք, ծառայություն անհետևանք չեն մնա: Բարիք եք բերում հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահն ու հայրենակիցներին ջանքերը մեկտեղելու կոչ արել՝ ավելի ուժեղ ու զարգացած երկիր, կիրթ, առաջադեմ, հոգատար ու աշխատասեր հանրություն ունենալու համար:
Նշելով, որ օրակարգում ՀՀ անկախությանը և անվտանգությանը, ժողովրդավարության ամրապնդմանն ու համայնքային կապերի զարգացմանը վերաբերող հարցերն են՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է ապրում յուրաքանչյուր հայ, այս գործընթացներին մասնակից լինելը յուրաքանչյուրի պարտականությունն է: ԱԺ նախագահի տեղակալի համոզմամբ գագաթնաժողովի արդյունքները նշանակալի կլինեն և ազգային ինքնության ու միասնականության խորացման նոր խթան կհանդիսանան:
«Հայրենիքը պետություն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ»,- ելույթի ավարտին փաստել է Հակոբ Արշակյանը:
Միջոցառմանը ներկա են եղել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ԱԺ պատգամավորներ, պետական կառավարման համակարգի, միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, սփյուռքահայ բազմաթիվ գործիչներ, պաշտոնատար այլ անձինք:
Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը մեր երկրում կանցկացվի սեպտեմբերի 17-20-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կազմակերպմամբ: Առաջիկա օրերին աշխատանքային տարբեր ձևաչափերով կքննարկվեն ազգային անվտանգությանը, կայուն զարգացմանը, սփյուռքի ներուժի ներգրավմանը, հայ համայնքների զարգացմանը և հայրենադարձությանն առնչվող հարցեր: