Իրանը կտրականապես հերքել է երկրի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի զոհվելու հանգամանքների մասին իսրայելական մի շարք լրատվամիջոցների հրապարակած լուրերը: Իրանական Tasnim լրատվական գործակալության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ սուտ են պնդումներն այն մասին, թե նախկին նախագահը զոհվել է փեյջերի պայթյունի հետևանքով: Նման լուրերն, ըստ գործակալության, միտված են խաթարելու Իրանի բնակչության վստահությունը երկրի ռազմական և պետական կառույցների նկատմամբ և հասարակության շրջանում վախի և հուսահատության զգացում սերմանելուն:

Tasnim-ը նշում է, որ ԶԼՄ-ները և լրատվական ալիքները քննարկում են Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի լուսանկարը, որում նկատելի է սեղանին դրված՝ կառուցվածքով և թվային սև-սպիտակ էկրանով փեյջերի կամ էլեկտրոնային ժամացույցի նմանվող սարքը:


Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիին, արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանին և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր այս տարվա մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Վերզեգան շրջանում։ Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել էր օդային աղետի հետևանքով նախագահի և նրան ուղեկցող անձանց զոհվելու փաստը: Պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջան կատարած այցից հետո, որտեղ Ռայիսին և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը մասնակցել էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցի բացման արարողությանը:

Սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում գրանցվել են փեյջերների և հեռահաղորդակցության սարքերի պայթյունի դեպքեր, որոնց արդյունքում տարբեր տվյալներով զոհվել է 12-15, տուժել՝ 3-4 հազար մարդ: Դեռևս հայտնի չէ, թե ինչն է դարձել տասնյակ սարքերի միաժամանակյա պայթեցման պատճառը։ «Հըզբոլլահ»-ը և Լիբանանի իշխանությունները կատարվածի համար մեղադրում են Իսրայելին։