Այս տարվա աշնանային զորակոչը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի դեկտեմբերի կեսից մինչև հունվարի կեսը: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զորակոչը կհետաձգվի, ինչն էլ իրենից ենթադրում է, որ այս տարվա աշնանային զորացրումը մոտ մեկ ամիս կհետաձգվի, նախորդ զորակոչի զինվորները մոտ մեկ ամիս ավել կծառայեն, դա, իհարկե, ոչ բոլորին է վերաբերում»,-ասաց նա՝ նշելով, որ այդ տարբերությունները զորակոչային գաղտնիքներով են պայմանավորված:

Խոսնակի փոխանցմամբ՝ զորակոչի հետաձգումը պայմանավորված է կրթական համակարգում տեղի ունեցած բարեփոխումներով: «Կրթական, այսպես կոչված, բարեփոխումները՝ քննություններ և այլն, ազդեցություն ունեցան զորակոչի վրա»,-ասաց նա: