Իսրայելի բանակը հայտարարել է նոր տարհանում Բեյրութի հարավային արվարձաններից։ Այս մասին տեղեկացրել է The Times of Israel թերթը։
Նրա տեղեկացմամբ՝ զինվորականները հայտարարել են Հադաթ եւ Շիյահ թաղամասերի բնակիչների տարհանման նոր հրամանների մասին Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձաններում։ «Դուք գտնվում եք այն օբյեկտների կողքին, որոնք կապված են «Հեզբոլլահի» հետ, որոնց դեմ [իսրայելական բանակը] գործելու է առաջիկայում»,- սոցցանցերում հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ավիհայ Ադրին։ «Ձեր անվտանգության եւ ձեր ընտանիքների անդամների անվտանգության համար դուք պետք է անհապաղ տարհանվեք նշված շենքերից եւ դրանցից 500 մետրից ոչ պակաս հեռու մնաք»,- նշված է զինվորականների ներկայացուցչի ուղերձում։
Ավելի վաղ Իսրայելի բանակի ներկայացուցիչը նախազգուշացրել էր Շուեյֆաթ, Հադաս եւ Էլ-Ամրուսիա վայրերի բնակիչներին մի քանի տներից հեռանալու անհրաժեշտության մասին, որոնց առաջիկայում ավիահարվածներ են հասցվելու։
Հոկտեմբերի 1-ին գիշերային ռմբակոծության ժամանակ քանդվել է ութ շենքերից կազմված բնակելի համալիր Էլ-Մրեյջի շրջանում, Բեյրութի հարավում։ Իսրայելական ռմբակոծիչները մեկ ժամում կատարել են ութ գրոհ Լիբանանի մայրաքաղաքի դեմ։