ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ, որտեղ հոկտեմբերի 11-ին կմասնակցի «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցությունը՝ խաղաղության և զարգացման հիմքը» ֆորումին, ըստ РБК-ի՝ հայտնել է երկրի ղեկավարի օգնական Յուրի. Ուշակովը:

«Այս ֆորումը նվիրված է թուրքմեն մեծ բանաստեղծ և մտածող Մահթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին»,- մանրամասնել է նա։ Ըստ Ուշակովի՝ հրավիրվածների ցանկում կլինեն բազմաթիվ հարևան երկրների ղեկավարներ, դրանց թվում՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի նախագահները և այլք։

Սպասվում է, որ Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա, դրանց թվում՝ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ։ «Այս հանդիպումը մեծ նշանակություն ունի ինչպես երկկողմ հարցերի քննարկման, այնպես էլ Մերձավոր Արևելքում կտրուկ սրված իրավիճակի քննարկման համար,- ասել է Ուշակովը։ -Դա կլինի նրանց առաջին հանդիպումը, երբ Պեզեշքիանը հունիսին ստանձնեց պետության ղեկավարի պաշտոնը»: