ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջին անգամ հոկտեմբերի 17-ը հայտարարվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր, որը համայնքների կենսունակ ավանդույթները, գիտելիքն ու ունակությունները պահպանելու ու առաջ մղելու նշանակալի նախաձեռնություն է:
Այս օրվա ճանաչումը ոչ միայն տոն է, այլև գործելու կոչ: Այն հիշեցնում է ոչ նյութական մշակութային ժառանգության կենսական կարևորության մասին՝ մեր ինքնության ձևավորման, սոցիալական համախմբվածության խթանման և հասարակության կայուն զարգացման ապահովման գործում: Կենսունակ ավանդույթները՝ լինեն դրանք բանավոր պատմություններ, կատարողական արվեստ, ծեսեր կամ արհեստագործություն, փոխանցվել են սերունդների միջոցով՝ մարմնավորելով մեր նախնիների գիտելիքը, հմտությունները և արժեքները: Դրանք պարզապես անցյալի մասունքներ չեն, այլ նաև դինամիկ արտահայտություններ, որոնք շարունակում են ձևավորվել և զարգանալ մեր համայնքներում:
Պետության առանցքային քաղաքականության մաս են ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների գնահատումն ու տարածումը, ըստ պատշաճի հանրահռչակումը, պահպանումն ու փոխանցումը: Այդ արժեքները ոչ միայն կենսունակ են համայնքներում, այլև գրանցված ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ որպես ազգայինի և համամարդկայինի համադրում: Այս համատեքստում հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության մարզերում և թանգարաններում կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ, տարաբնույթ նախագծեր՝ հանրությանն իրազեկելու և ևս մեկ քայլ մոտեցնելու մեր ոչ նյութական ժառանգությանը։
Այս առիթով շնորհավորում եմ ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի կենսունակությունն ապահովող բոլոր անհատներին՝ արհեստագործ վարպետներին ու արվեստագետներին, ոլորտի մշակութային, կրթական և հասարակական կազմակերպություններին ու համայնքներին:
Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը եկեք վերահաստատենք մեր հանձնառությունը՝ պահպանելու մարդկային ստեղծագործության անգնահատելի արտահայտությունները և ապահովելու դրանց փոխանցումը գալիք սերունդներին»,- ասված է ուղերձում: