Թեհրանում շաբաթ օրը վաղ առավոտյան գործի են դրվել ՀՕՊ ուժերը, Իսրայելը հարվածել է Իրանի ռազմական օբյեկտներին, տեղեկացրել է Mehr-ը։

Շաբաթ վաղ առավոտյան Իրանի մայրաքաղաք Թեհրանում լսվել են մի քանի պայթյուններ։ Բարձր ձայները պայմանավորված են եղել հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքով։ Իրավիճակը մայրաքաղաքում հանգիստ է, Թեհրանի օդանավակայանները աշխատում են սովորական ռեժիմով։ Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի ներկայացուցիչը հերքել է անվտանգության կանոնների խախտման մեղադրանքները եւ հայտնել, որ չվերթները կատարվում են չվացուցակի համաձայն։

Թեհրանի հակաօդային պաշտպանության հանրային կապերի բաժնի ներկայացուցչի խոսքով՝ Թեհրանում լսված ձայնը կապված է եղել հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ Թեհրանից դուրս երեք վայրերում։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ իսրայելական ուժերը գրոհ են ձեռնարկել Իրանի տարածքի դեմ։

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «չնայած հանրապետության պաշտոնական անձանց նախազգուշացումներին՝ խուսափելու ցանկացած արկածախնդրությունից, շաբաթ օրը Թել Ավիվի վարչակարգը գրոհել է մի քանի ռազմական օբյեկտներ Թեհրանի շրջաններում, Խուզեստանում եւ Իլամում, ինչը լարվածություն է առաջացրել»։

Հայտնելով, որ իսրայելական գրոհը հաջողությամբ հետ է մղվել հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, գերատեսչությունն ընդգծել է, որ «սիոնիստների ագրեսիվ գործողությունները սահմանափակ վնաս են պատճառել մի քանի օբյեկտների»։