‹Ազատագրենք հուշարձանն օլիգարխից›› քաղաքացիական շարժումը այսօր նամակ-պահանջագիր են հանձնել Մատենադարանում ընթացող «Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները» գիտաժողովի մասնակիցներին:
Շարժման նամակում ասվում է. «Կարեւորելով ‹‹Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները›› խորագրով գիտաժողովի դերը Հայաստանի մշակութային կյանքում՝ ձեր ուշադրությունն ենք հրավիրում մի խնդրի, որն ուղղակիորեն կապված է գիտաժողովի ընթացքում ձեր կողմից քննարկվող թեմաներին:
Հայ ազգն իր պատմության ընթացքում ինչպես իր բնօրրան Հայկական լեռնաշխարհի տարածքում, այնպես էլ իր բնօրրանից դուրս ստեղծել եւ մարդկությանն է ժառանգել բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ: Ցավով պետք է նշենք, որ մեր հարեւան Ադրբեջանում եւ Թուրքիայում տարիներ շարունակ ոչնչացվում են հայկական հուշարձանները, ինչը պետք է հարուցի միջազգային հանրության զայրույթն ու ցասումը: Նմանօրինակ վանդալիզմի դեպքի մենք ականատես եղանք, երբ տարիներ առաջ ադրբեջանցիները ոչնչացրին Ջուղայի խաչքարերը:
Վերջին տարիներին ականատես ենք լինում նմանօրինակ վանդալիզմի դեպքերի մեր իսկ երկրում: Այդ օրինակներից մեկն է հանդիսանում Մաշտոցի պողոտայում գտնվող «Ծածկած շուկա»› պատմամշակութային հուշարձանի հետ կապված դեպքը: Պետական պատկան կառույցների հանցավոր անգործության պայմաններում հուշարձանի սեփականատերը, չունենալով որեւէ օրինական թույլտվություն, քանդել է հուշարձանի կեսը եւ կառուցել մի նոր ապօրինի կառույց: Պետական պատկան մարմինները, մասնավորապես՝ Երեւանի քաղաքապետարանը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը, սահմանափակվելով միայն հայտարարություններով, որ այդ շինարարությունը ապօրինի է, մատնված են անգործության: Միաժամանակ իրավապահ մարմինները՝ ի դեմս ոստիկանության եւ դատախազության, չեն կարողանում կատարել օրենքով սահմանված իրենց լիազորությունները եւ ընտրել են հուշարձանի սեփականատիրոջը պաշտպանելու քաղաքականություն:
Նման բարձրակարգ գիտաժողովների կողմից վեր հանվող հիմնախնդիրները շատ կարեւոր են պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում: Սակայն այդ գիտաժողովները դառնում են անիմաստ եւ անարդյունավետ, երբ քննարկումներից հետո ոչինչ չի արվում եղած խնդիրները լուծելու ուղղությամբ:
Կոչ ենք անում գիտաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին Ծածկած շուկայի հարցը դնել քննարկման եւ հանդես գալ հայտարարությամբ, որտեղ նշված կլինի գիտաժողովի եզրակացությունը տվյալ խնդրի վերաբերյալ, ինչպես նաեւ գործադրել հնարավոր ճնշումներ պետական պատկան կառույցների նկատմամբ, որպեսզի նրանք կատարեն օրենքով սահմանված իրենց գործառույթները եւ վերադարձնեն հուշարձանը հանրությանը՝ իր նախկին տեսքով»: