Նոյեմբերի 1-ին ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսով կապ է հաստատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ Այս մասին ասված է կաթողիկոսության հաղորդագրության մեջ։

«Նախագահ Թրամփը բարձր է գնահատել Նորին Սրբություն Արամ Առաջինի առաջնորդությունը, ով վերջերս ավարտեց շրջագայությունը Միացյալ Նահանգներում, և վերահաստատել իր աջակցությունն արցախահայությանը և հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանը։

Նա նաև բարձր է գնահատել ամերիկահայ համայնքը որպես ուժեղ, խելացի և դինամիկ։

Ի պատասխան՝ Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ հայ ժողովրդին աջակցող հրապարակային հայտարարության համար, ընդգծել ԱՄՆ գլոբալ առաջնորդության կարևորությունն այս ճգնաժամային պահին։ Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմը լրջորեն կզբաղվի ԼՂ հայերի վերադարձի իրավունքի ապահովման, միջազգային երաշխիքների ու կարգավիճակի, էթնիկ զտման համար պատասխանատվության հարցերով։