«Նոա» ֆուտբոլային ակումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ այդպես էլ չհստակեցնելով՝ աջակցո՞ւմ է ՀՖՖ-ին, թե՞ միանում հրաժարականը պահանջողներին։

««Նոա» ՖԱ-ն չի մասնակցել ՀՖՖ ընտրություններին։

Ակումբն աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ՀՖՖ-ին առնչվող խնդիրների շուրջ՝ հանուն արդար խաղի կանոնների։

Հայաստանում կան պրոֆեսիոնալ և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ռազմավարության բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ մեր կողմից բարձրացված, որոնց շուրջ քննարկումներ են ծավալվում ՀՖՖ-ի հետ՝ փորձելով գտնել լուծումներ։

Հայկական ֆուտբոլի առջև ծառացած խնդիրների քննարկման և լուծման գործում «Նոան» կարևորում է նաև ֆուտբոլասերների և մեր սիրելի երկրպագուների մասնակցությունը՝ գնահատելով վերջիններիս ջանքերը։

«Նոա» ՖԱ-ն շարունակում է իր ճանապարհը հայկական ֆուտբոլի զարգացման երկարաժամկետ և հեռանկարային ծրագրերով՝ հանուն այս նպատակների պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կոչ ենք անում հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգված բոլոր ուժերին նստել մեկ սեղանի շուրջ և քաղաքակիրթ ձևով բանակցել ու հասնել փոխըմբռնելի լուծումների։

«Նոա» ֆուտբոլային ակումբը պատրաստ է աջակցել այս գործընթացին՝ համախմբելով բոլոր ուժերին մեկ ընդհանուր նպատակի շուրջ, այն է՝ զարգացնել հայկական ֆուտբոլը և տոն պարգևել մեր սիրելի երկրպագուներին։

Բոլորիս մաղթում ենք ֆուտբոլային նոր վերելքներ»,-ասված է հայտարարության մեջ։