Ռուսաստանն ակտիվացրել է խափանարար գործունեությունը ՆԱՏՕ երկրներում, որոնք աջակցում են Ուկրաինային, ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն Բեռլին այցի ժամանակ։ «Հիբրիդային գրոհները մեր դաշնակիցների տարածքների վրա միջամտություն են մեր դեմոկրատական համակարգերին, այդ ամենը վկայում է ճակատի գծի տեղափոխման մասին»,- նշել է նա, գրել է Politico-ն։
Ռյութեի կարծիքով՝ պատերազմն Ուկրաինայում արդեն դուրս է եկել նրա սահմաններից՝ «Բալթյան տարածաշրջան, Արեւմտյան Եվրոպա եւ անգամ Ծայր Հյուսիս»։
ԱՄՆ նախագահական ընտրություններից մի քանի ժամ առաջ ելույթ ունենալով՝ նա ասել է, որ ով էլ որ հաղթի՝ Քամալա Հարիսը, թե Դոնալդ Թրամփը, Սպիտակ տան նոր ղեկավարը «չի կրկնի Առաջին համաշխարհային պատերազմի սխալը եւ չի հեռանա Եվրոպայից»։ Ռյութեն համոզված է, որ «մի հիանալի օր Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ անդամ», եւ ավելացրել է, որ «կամուրջը» դեպի դաշինք արդեն գցված է։
Սեպտեմբերի վերջին ամերիկյան հետախուզությունը հայտնել էր, որ Կրեմլի գործակալները կարող են դիվերսիաներ կազմակերպել Եվրոպայում եւ իրականացնել մահասփյուռ գրոհներ ԱՄՆ եւ նրա դաշնակիցների ռազմակայանների դեմ, եթե Ուկրաինային թույլ տան հեռահար զենքով խփել ռուսական տարածքին։ Մեծ Բրիտանիայի ներքին անվտանգության ծառայության (MI5) գլխավոր տնօրեն Քեն Մակքալումը ՌԴ հատուկ ծառայություններին մեղադրել է Եվրոպայում «տասնյակ միջադեպերին» հանցակցության մեջ։ Նրա խոսքով՝գործակալները գործում են ոչ միայն իրենք, այլեւ հաճախ վարձում են քրեական դեմքերի հրկիզումներ, դիվերսիաներ կատարելու համար։
Գերմանիայի հետախուզությունն իր հերթին Ռուսաստանին կասկածել է ավիավթար կազմակերպելու մեջ ինքն իրեն այրվող ծանրոցների օգնությամբ։ Թոմաս Հալդենվանգը հայտնել է, որ միայն երջանիկ պատահականությամբ է հաջողվել խուսափել քաղաքացիական ինքնաթիռի ընկնելուց, քանի որ ծանրոցն այրվել է թռիչքից առաջ Լեյպցիգի DHL լոգիստիկ կենտրոնում։
Ռուս գործակալների գաղտնի ակտիվությունը հասել է «անասելի մակարդակի», ասել է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Բրունո Քալը։ Նա նախազգուշացրել է, որ ՌԴ նախագահը պատրաստվում է նաեւ արտաքին ագրեսիայի եւ կարող է գրոհել ՆԱՏՕ երկրները մինչեւ տասնամյակի վերջը։