ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել և ուղերձով դիմել հանրությանը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների սիրելի՛ գործընկերներ, Ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել:


Մեր երկրի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում միասին հաղթահարեցինք բազում փորձություններ: Միաժամանակ, ձեր արհեստավարժության, բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի շնորհիվ, մենք անցանք խորքային, համապարփակ բարեփոխումների դժվար փուլը: Հսկայածավալ ձեռքերումները, հանրային վստահության մակարդակի աճը թիմային մեծ աշխատանքի ու բոլորիս հետևողական ջանքերի արդյունք են:

Ցավոք, այս ճանապարհին կորցրեցինք մեր լավագույն ընկերներին ու գործընկերներին, որոնք խիզախաբար իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի ու պետականության։ Փա՜ռք նրանց։

Վստահ եմ, որ ամբողջապես իրականություն կդառնան բարեփոխումներին միտված բոլոր ծրագրերը, և համակարգային փոփոխությունները արդյունավետորեն կծառայեն ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ:

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Վարչապետին և կառավարությանը՝ համակարգային փոփոխությունների այս փուլում ՆԳ նախարարի պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։

Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման»,–գրել է Վահե Ղազարյանը: