SpaceX ընկերությունն իրականացրել է Starship տիեզերանավի վեցերորդ փորձնական արձակումը։ Հսկա հրթիռը օդ է բարձրացել ճիշտ ժամանակացույցով նոյեմբերի 19-ին տեղական ժամանակով ժամը 16:00-ին (նոյեմբերի 20-ին Երևանի ժամանակով 02:00-ին): Ըստ պլանի՝ այս թռիչքը շատ առումներով պետք է նմանվեր հինգերորդ փորձարկմանը, սակայն արձակումից անմիջապես հետո պարզ դարձավ, որ SpaceX-ի պլանները փոխվել են։


Սպասվում էր, որ այս թռիչքի շրջանակում SpaceX-ը կրկին կփորձեր արձակման վայր իջեցնել Super Heavy-ի առաջին փուլը և այն բռնել արձակման մեխանիզմով կամ «սննդի համար փայտիկներով», ինչպես դրանք ոչ պաշտոնապես անվանում են: Սակայն արագացուցիչ հրթիռը պարզապես սուզվել է Մեքսիկական ծոցի ջրերում։ Super Heavy-ի վայրէջքի պլանների փոփոխության պատճառների մասին դեռ քիչ բան է հայտնի։

SpaceX-ի խոսնակ Դեն Հյուոտը միայն հակիրճ նշել է. «Մենք շեղվել ենք որոշակի պայմաններից»: Ըստ երևույթին, թռիչքի ժամանակ ինչ-որ անսարքություն է տեղի ունեցել, որը կարող էր կանխել առաջին փուլի անվտանգ վայրէջքը մեկնարկային հարթակի վրա, ինչի պատճառով փորձագետները որոշել են նույնիսկ չփորձել դա անել։

 


Տիեզերանավը շարունակել է թռիչքը և 65 րոպե անց վայրէջք կատարել Հնդկական օվկիանոսում: Ի տարբերություն նախորդ փորձարկման՝ այս անգամ Starship-ը փորձել է մեծացնել աերոդինամիկ շփման անկյունը մթնոլորտով անցնելու ընթացքում վայրէջքի վերջին փուլում, որպեսզի գնահատվի փեղկերի աշխատանքը և ուսումնասիրվեն վայրէջքի տարբեր սցենարներ:

Բացի դրանից՝ թեստային այս թռիչքի ժամանակ որոշ փորձեր են կատարվել ջերմային վահանի հետ. պաշտպանիչ սալիկները հատուկ հեռացվել են տիեզերանավի կորպուսի որոշ հատվածներում։

Ի տարբերություն անցյալ փորձնական արձակումների՝ այս անգամ SpaceX-ը Raptor շարժիչներից մեկը գործարկել է վակուումում: Դրանից հետո սարքն սկսել է իջնել՝ վայրէջք կատարելով Հնդկական օվկիանոսում: Սա կարևոր ձեռքբերում է Starship-ի համար, քանի որ շարժիչի աշխատանքը տիեզերքում ապագա ուղեծրային թռիչքների կարևոր բաղադրիչն է: