Ուկրաինայի ԶՈւ օդուժը Storm Shadow/SCALP բրիտանական թեւավոր հրթիռներով հավանաբար գրոհել է Մարյինո բնակավայրը Կուրսկի մարզում, որտեղ կարող էր գտնվել ագրեսոր երկրի «կապի հանգույցը»։ Այս մասին տեղեկացրել է ուկրաինական «Defense Express» պարբերականը։


Նշվել է, որ հարվածի համար օգտագործվել է «հրթիռների բավական զգալի քանակություն», տեղեկացրել է «Новини України»-ն։

Տեսանյութում, որը հրապարակվել է համացանցում, լսվում է մոտ 15 պայթյուն, չնայած դրանց մի մասը կարող է լինել ՀՕՊ համակարգի աշխատանքը, նշել է պարբերականը։

Տեսանյութը նկարահանվել է Բարյատինսկիների կալվածքի պատմական շինության կողքին, որն այժմ օգտագործվում է որպես առողջարան ՌԴ նախագահի վարչակազմի կառավարմամբ։ Համալիրի արեւելյան մասում, Defense Express-ի տվյալներով, կարող էր գտնվել ռազմական օբյեկտ, ենթադրաբար՝ կապի հանգույց։

Սակայն օբյեկտը կարող էր ոչ թե պարզապես կապի հանգույց լինել, այլ խոր հրամանատարական կետ, գրել է պարբերականը։ Հաշվի առնելով առողջարանի մոտ գտնվելը՝ ենթադրվում է, որ այն կարող էին օգտագործել ռուսական զորքերի խմբավորման հրամանատարները Կուրսկի մարզում։ Բացի այդ, հաշվի առնելով հյուսիսկորեական զորքերի առկայությունն այդ շրջանում՝ այնտեղ կարող էին գտնվել նաեւ հյուսիսկորեացի գեներալներ։


Այդ օբյեկտները եւ դրանց պոտենցիալ օգտագործողները լիովին արդարացնում են Storm Shadow կամ SCALP թեւավոր հրթիռների կիրառումը, չէ՞ որ այդ հրիթռներն ստեղծված են պաշտպանված թիրախների ոչնչացման համար։ Դրանց մարտական մասը՝ 450 կիլոգրամ քաշով, հատուկ մշակված է նման խնդիրների համար, գրել են վերլուծաբանները։

Ավելի վաղ Bloomberg-ը տեղեկացրել էր, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերը նոյեմբերի 20-ին օգտագործել են Storm Shadow հրթիռներ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։