Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում Երևանի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում թվով 2 գույքային միավորի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշում կայացրեց եւ լիզորեց Երեւանի քաղաքապետին պայմանագիր կնքել «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի հետ:
Նշենք, որ խոսքը այդ տարածքում «Հին Երևանի» պատմաճարտարապետական միջավայրը վերականգնելու ծրագրի մասին է:
Բանն այն է, որ դեռեւս 2018-ին այդ տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ, և տարածքների ձեռքբերող է ճանաչվել «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն: Ընդհանուր առմամբ այդ տարածքներում եղել է մոտ 151 գույք, իսկ որոշման կայացման պահին՝ արդեն 49 միավոր գույք:
Ավելի ուշ պարզվել է, որ հանրության գերակա շահ ճանաչված տարածքի սխեմայում ընդգրկված է նաև Արամի 27/1 հասցեով եւ 29/4 հասցեով առանձին գույքային միավորներ, որոնք ներառված չեն եղել որոշման հասցեների ցանկում և այդ պատճառով օտարման գործընթաց չի իրականացվել:
Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջացել նշված երկու հասցեներում գտնվող գույքերը օտարելու համար նոր հանրային գերակա շահ ճանաչել:
Այս պահին թվով մոտ 151 գույքերից մեծ մասը արդեն իսկ օտարված է և նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի մի մասը արդեն իսկ իրականացված է: