Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի որոշմամբ, եթե նա ժամանի երկիր, նշել է նախարարների կաբինետի խոսնակը:

Լրագրողները Բրիտանիայի վարչապետի մամուլի քարտուղարին հարցրել են, թե արդյոք Նեթանյահուն կձերբակալվի, եթե նա այցելի Մեծ Բրիտանիա։ Ի պատասխան՝ նա նշել է, որ չի մեկնաբանի «հիպոթետիկ սցենարները», սակայն հավելել է. «Կառավարությունը կկատարի օրենքով նախատեսված իր պարտավորությունները և իր իրավական պարտավորությունները», հաղորդում է BBC-ն։


Նա նկատի ուներ 2001 թվականին Մեծ Բրիտանիայում ընդունված օրենքը, որը ենթադրում է Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալության օրդերների կատարում:

Մեծ Բրիտանիան վավերացրել է Հռոմի ստատուտը, որի հիման վրա գործում է Միջազգային քրեական դատարանը։

Հինգշաբթի օրը ՄՔԴ-ն Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր է տվել մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների համար: Այս մեղադրանքները վերաբերում են Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողություններին, որոնք սկսվել են ի պատասխան 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի ներխուժման: