Իսրայելի նախարարների կաբինետը հաստատել է Լիբանանի հետ հրադադարի մասին համաձայնագիրը, հայտնում է The Jerusalem Post-ը։ Զինադադարը ուժի մեջ կմտնի չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ին տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին): Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդգծել է, որ զինադադարի տևողությունը կախված կլինի Հեզբոլլահի գործողություններից՝ զգուշացնելով, որ ցանկացած խախտում կհանգեցնի իսրայելական բանակի հարվածներին։
Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) արդեն իսկ զգալի վնաս են հասցրել «Հեզբոլլահին»՝ «հետ գցելով նրան տասնամյակներով»։ Հաջողությունների թվում նա նշել է նաև խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլայի լիկվիդացումը, ենթակառուցվածքների և զենքի ոչնչացումը։
Ինչպես հայտնում է Reuters-ը, համաձայնագրի պայմանները նախատեսում են իսրայելական զորքերի դուրսբերում հարավային Լիբանանից և այնտեղ լիբանանյան բանակի տեղակայում։ Լիբանանը պարտավորվում է դադարեցնել իր զինված ներկայությունը Լիտանի գետի հարավային սահմանի երկայնքով: Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բու Հաբիբը հայտարարել է, որ 5000 լիբանանցի զինվորներ կուղարկվեն երկրի հարավ, և Միացյալ Նահանգները կարող է օգնություն ցուցաբերել մարտերի ընթացքում վնասված ենթակառուցվածքների վերականգնման համար: