ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից 24 մլրդ դոլար է խնդրել Կիեւին լրացուցիչ օգնելու եւ ամերիկյան զենքի պաշարների լրացման համար՝ Ուկրաինային հանձնվածի փոխարեն։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Politico թերթը։
Կոնգրեսի աղբյուրների խոսքով՝ ամերիկացի օրենսդիրները համապատասխան հարցումն ստացել են նոյեմբերի 25-ին։ Վաշինգտոնի վարչակազմն ակնկալում է, որ 16 մլրդ-ն կհատկացվի «ամերիկյան պաշարների լրացմանը»՝ այն սպառազինությունների փոխարեն, որոնք մինչ այդ ուղարկվել են Կիեւ։ Եվս 8 մլրդ առաջարկվում է տրամադրել Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնությանը (Ukraine Security Assistance Initiative, USAI)։ Այն նախատեսում է ԱՄՆ ՊՆ պայմանագրերի կնքում արտադրողների հետ, այլ ոչ թե այս կամ այն տեխնիկայի տրամադրում հենց ամերիկյան պաշարներից։
Պարբերականի տեղեկություններով՝ Բայդենի վարչակազմն ակնկալում է, որ ծախսերի այդ հոդվածները կներառվեն դաշնային գերատեսչությունների աշխատանքի համար միջոցների տրամադրումը երկարացնելու մասին օրինագծում, որը կարող է ընդունվել դեկտեմբերին։ Հրապարակման մեջ Սպիտակ տան ղեկավարի խնդրանքը անվանում են «հաջողության ոչ մեծ շանսեր ունեցող»։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Մայքլ Մակքոլը (հանրապետական Տեխասի նահանգից) նոյեմբերի 21-ին վստահություն է հայտնել, որ ամերիկացի օրենսդիրները լարված վեճեր կունենան, այդ թվում Ուկրաինայի հետագա օգնության միջոցների հատկացման մասին։ Ելույթ ունենալով Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդում (Ռուսաստանում ճանաչված է որպես անցանկալի կազմակերպություն)՝ նա նշել է, որ «Նոր գումարման Կոնգրեսում շատ լարված վեճեր կընթանան»։ Մակքոլը բացատրել է, որ ամերիկացի օրենսդիրները պետք է լուծեն դաշնային կառավարության հետագա ֆինանսավորման հարցը։ «Դա տեղի կունենա դեկտեմբերին կամ մարտի 1-ին»,- նշել է նա։ «Եվ այդ ժամանակ կլինեն վեճեր Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորման մասին»,- կարծում է կոնգրեսականը։