«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը օրերս ներողություն է խնդրել ԱԺ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանից եւ Սիսակ Գաբրիելյանից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին՝ ՔՊ վարչության նիստի օրը, որի ժամանակ կանչվել էին նաեւ ՔՊ գզվռտոցի «հերոսները»՝ Անդրանիկ Քոչարյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ Հրաչյա Հակոբյանը՝ հասկանալու, թե ինչու է Անդրանիկ Քոչարյանը վայրահաչում երկու պատգամավորների հասցեին, Նիկոլ Փաշինյանը կտրուկ է եղել: Նա պահանջել է Անդրանիկ Քոչարյանից կա՛մ ապացուցել, որ Սիսակ Գաբրիելյանն ու իր աներորդի Հրաչյա Հակոբյանը բիզնեսմենի «դեղ ցրողներն են» կա՛մ ողջ խմբակցության առջեւ՝ ի տես բոլորի, ներողություն խնդրել պատգամավորներից նրանց վիրավորելու եւ զրպարտելու համար:

Ինչպես արդեն հայտնել ենք, Քոչարյանը Սիսակ Գաբրիելյանին եւ Հրաչյա Հակոբյանին պիտակավորել է՝ նրանց կապելով խաղադրույքներով եւ թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ ասելով գործարարի «դեղ ցրողներ»: Եվ ահա տեղեկացանք, որ Անդրանիկ Քոչարյանը, գլուխը կախ, ՔՊ վարչության անդամների մոտ ներողություն է խնդրել Հակոբյանից եւ Գաբրիելյանից՝ իր սուտ խոսքերի եւ զրպարտությունների համար:

Նիկոլ Փաշինյանը խարդավանքների սիրահար Անդրանիկ Քոչարյանից պահանջել է նաեւ ներողություն խնդրել մյուս բոլոր ՔՊ-ականներից եւս, ում վիրավորել է, որոնց թիվը, ի դեպ, բավականին մեծ է: Ընդ որում, Փաշինյանը, պատիժը խստացնելու համար, պայման է դրել, որ Քոչարյանը մեղայական գա հենց կուսակցական նիստերի ընթացքում, բոլորի ներկայությամբ:

Անդրանիկ Քոչարյանը, սակայն, դեռ այս առումով դիմադրում է ու հրաժարվում է իր մյուս թիմակիցներից էլ ներողություն խնդրելուց՝ անտեղի պիտակավորելու ու վիրավորելու համար: Ի դեպ, Քոչարյանը կտրականապես դեմ է Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանից ներողություն խնդրել, որին բոլորի մոտ զրպարտում է, ինչի համար էլ Փամբուխչյանը դիմել է Փաշինյանին:

Դեռ միայն Փաշինյանի աներորդուց՝ Հրաչյա Հակոբյանից է ներողություն խնդրել ու Սիսակ Գաբրիելյանից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: