«Հրապարակ» թերթը գրում է. «ՎԻշխող ֆրակցիան երեկ երկու անգամ փակ նիստ է անցկացրել` Հովիկ Աղազարյանին «նվիրված»։ Եվ այդ նիստերում ֆրակցիայի ղեկավարությունը կուսակցությունից հեռացրած պատգամավորի մասին այնպիսի տոնով է խոսել, որ մյուսները սարսափած դասեր քաղեն եւ այսուհետ ծպտուն չհանեն` վախենան նույնիսկ լրագրողներին բարեւելուց եւ Փաշինյանին ավելի հնազանդ ծառայեն։
Նիստում Աղազարյանին մեղադրել են նախեւառաջ թիմին դավաճանելու մեջ, կրկնել են, որ նա պետք է «արժանի պատիժ ստանա», թեեւ ներքուստ ոչ մեկը, անգամ Կոնջորյանը, համաձայն չէ կատարվածի հետ։ Աղազարյանի ընկերոջ` Հակոբ Ասլանյանի սիրտը չի դիմացել, քննարկման կեսից դուրս է եկել եւ բարձրաձայն վրդովված խոսելով` հեռացել։
Իրար մեջ քննարկել են, որ Փաշինյանը գազազած է Աղազարյանի մերժումից եւ խնդիր է դրել ոչնչացնել նրան, որ նրա օրինակը վարակիչ չդառնա մյուսների համար։ Այս ամենն անօրինական է, եւ բոլորը դա հասկանում են, բայց զայրույթը մթագնել է վարչապետի ուղեղը։
Երեկ նա ամբիոնից խոստովանեց. «Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ քաղաքական, բարոյական եւ այլ, նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից մանդատից զրկելու համար։ Ոչ մի պահ չկասկածեք՝ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն՝ այդ նպատակին հասնելու համար»։
Ի դեպ, երեկ Աղազարյանը խորհրդարանի միջանցքում նյարդային էր պահել իրեն լրագրողներից մեկի նկատմամբ, միջադեպից քիչ անց լրագրողի մոտ էր շտապել ԱԺ նախագահը եւ առաջարկել բողոք գրել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում